«Իմպուլսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, 20-ամյա կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը այսօր գերմանական բունդեսլիգայի առաջատար ակումբներից մեկի՝ «Շալկե-04»-ի կողմից պաշտոնապես հրավիրվել է փետրվարի 25-ից մարտի 3-ը փորձաշրջան անցնելու: Մակեդոնացի երիտասարդ ֆուտբոլիստը, ով անցած տարվա սկզբից հանդես է գալիս «Իմպուլսում», ՀՀ առաջնության 29 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ: Բացի դրանից նա ՀՀ գավաթի խաղարկության 3 հանդիպումներում էլ 1 գոլ է հեղինակել: Տիմովը մինչ «Իմպուլս» հրավիրվելը հանդես է եկել նաեւ Սլովենիայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Կոպեր» ակումբում: Նա ընդգրկվել է մինչեւ 17, 19 եւ 21 տարեկանների Մակեդոնիայի հավաքականներում համապատասխանաբար անցկացնելով 3,12 եւ 7 հանդիպում: Ֆիլիպ Տիմովը մինչեւ 19 եւ 21 տարեկանների Մակեդոնիայի հավաքականների խաղերում աչքի է ընկել 2-ական անգամ: «Իմպուլսի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքություն են ցուցաբերում նաեւ եվրոպական մի քանի այլ ակումբներ: Նկատենք նաեւ, որ «Շալկե-04»-ը Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությունում 20-րդ տուրից հետո վաստակած 29 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Գերմանական հանրահայտ ակումբը հաջողությամբ հաղթահարել է Եվրոպայի ՉԼ-ի խմբային փուլի արգելքը եւ 1/8-րդ եզրափակչում փետրվարի 20-ին եւ մարտի 12-ին քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի թուրքական «Գալաթասարայի» հետ:
Comments
Powered by Facebook Comments


